Հուլիսի 8-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգային երեկո կանցկացնի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի միջազգային ամենամյա 5-րդ փառատոնի շրջանակներում:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Երիտասարդականը համատեղ ելույթով հանդես կգա մենակատարներ Աննա Լանդաուերի (ջութակ, ԱՄՆ), Ջուլիետա Վարդանյանի (դաշնամուր), Յանա Դարյանի (ալտ) և Արամ Թալալյան (թավջութակ) հետ:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի կոչվող Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաստանաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը, մշակել և իրականացնել ծրագրեր մարզային երաժշտական օջախների համար: